Ուժգին կարկուտին օրեր անց հաջորդած տեղատարափ անձրևներից առաջացած աննախադեպ հեղեղներն Արարատի մարզի Քաղցրաշեն, Նորաշեն ու մի քանի այլ գյուղերում ժամերով արտակարգ իրավիճակ են ստեղծել: Գյուղացիներն օրերի տարբերությամբ սեփական աչքերով տեսած մեկ բառով են նկարագրում՝ աղետ։
Սարերից մեծ թափով իջնող անձրևաջրերը դուրս են եկել անգամ հեղեղատարներից, բետոնե պատնեշներ են քանդել, դաշտերն ավերել։ Հեղեղները այգիներից անգամ մարդկանց տներ են հասել։
Քաղցրաշենում գյուղացիներն ասում են՝ վերջին տասնամյակներում նման բան չէին տեսել. սկսել են աննախադեպ հեղեղից ու կարկուտից կրած վնասները հաշվել։ Վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանը պնդում է՝ հակակարկտային կայաններն աշխատել են ամբողջ ուժով, բայց արդյունավետ չեն եղել, գյուղի հեղեղատարն էլ մաքուր էր:
Քաղցրաշեցի Արայիկ Գաբրիելյանի ծիրանի, դեղձի, այգիները օրերս կարկուտից, հետո էլ դաշտերը՝ հեղեղներից են վնասվել։ Գաբրիելյանն արդեն մոտավոր հաշվարկ ունի՝ վնասը 4 միլիոն դրամի է հասնում։ Տղամարդը չգիտի՝ ինչ է անելու, որ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար վերցված վարկերը մուծի։ Իր նման գյուղում բազմաթիվ ընտանիքներ են կան։
Ծիրանի, դեղձի, խաղողի այգիների մշակությամբ զբաղվող ու մոտ 3300 բնակիչ ունեցող Քաղցրաշենում սկսել են գույքագրել բնական աղետի վնասը, գյուղապետարանում հաշվում են գյուղացիների կորուստը, բայց արդյոք կառավարությունը պե՞տք է փոխհատուցի մարդկանց, վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանն ասում է՝ դեռ հայտնի չէ։
Էկոնոմիկայի նախարարը էլ այսօր կառավարության նիստից հետո չհստակեցրեց՝ արդյոք պետությունը օգնելո՞ւ է գյուղացիներին՝ փոխհատուցելով աղետից կրած վնասը։
Կառավարությունում էլ են ընդունում կարկուտն ու աննախադեպ հեղեղները մեծ վնասներ են հասցրել ոչ միայն Արարատում, այլև Արմավիրում, Արագածոտնում ու այլ մարզերում։ Վնասի վերջնական չափը, սակայն, հայտնի չէ, դեռ ուսումնասիրում են:
Գևորգ Պապոյանն էլ այսօր պնդեց՝ կարկուտից վնասներ կրած համայնքներում գրեթե ամբողջությամբ գործել են հակակարկտային կայանները, բայց փաստեց՝ դրանք նման իրավիճակների համար արդյունավետ չեն։ Ավելի վաղ «Ազատությունը» բողոքներ էր ստացել Արմավիրի գյուղատնտեսներից, որ այդ կայանները պարզապես չեն աշխատում:
Նաև գյուղոլորտը համակարգող նախարարն ասում է, թե ավելի արդյունավետ միջոցներ կան կարկուտի դեմ պայքարելու համար։ Բայց, ըստ նրա, կիրառման համար Հայաստանը պետք է հարևանների հետ համաձայնագրեր ունենա, քանի որ դրանք նման են իրական հրթիռների ու կարող են ռազմականի տպավորություն ստեղծել:
Պապոյանն ասաց՝ փոխարենը պետությունը հիմա գյուղացիներին առաջարկում է հակակարտային ցանցեր տեղադրել, պետությունը ծախսի հիսուն տոկոսն իր վրա է վերցնելու։ Արդյոք կառավարությունն ուսումնասիրություն ունի՝ բազմաթիվ վարկեր ունեցող գյուղացիները գումար ունե՞ն նման ծախսերի համար, Պապոյանն այդ մասին չխոսեց:
Մանրամասներն «Ազատության» վիդեոռեպորտաժում.