Հրաժարական է ներկայացնում Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը։ Նրա անունը վերջին ամիսներին հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանությունից հետո, որը ըստ «Ազատության» հետաքննության, պատկանում է քաղաքապետի ամուսնու հորը։
Ավելի ուշ մամուլը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ այս ամսվա սկզբին կայացած վարչության նիստում նաև Դիանա Գասպարյանի պաշտոնավարման հարցն է քննարկվել։ Ինքը՝ Գասպարյանը, հրաժարականն այսօր բացատրել է անձնական խնդիրներով, մասնավորապես, պնդել, թե ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին ու երեխային։
Կոնկրետ թե երբ է ներկայացնելու հրաժարականը՝ Գասպարյանը չի հստակեցրել, կոնկրետ չէ նաև՝ երբ կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ ՏԻՄ օրենքը թույլ է տալիս վարչապետին նշանակել համայնքի ժամանակավոր պաշտոնակատար: