Մինչ ռուսական կողմը Երևանին նոր ատոմակայանի կառուցման տարբեր ծրագրեր է մտադիր առաջարկել, հայկական կողմը դեռ չի բացահայտում՝ որ երկրի ծրագրին է ի վերջո նախապատվությունը տալու: Ավելին՝ 9 ամիս առաջ այդ նպատակով ստեղծված «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» պետական ընկերությունը դեռևս կազմավորման փուլում է:
Տարածքային կառավարման նախարարությունից փոխանցում են, որ անցած օգոստոսին ստեղծված ընկերությունն այս պահին կադրերով է համալրվում, շուտով տնօրեն կունենա: Բայց զուգահեռ զբաղվում է մոդելների ընտրությամբ, նաև ներկայացված առաջարկների քննարկմամբ: Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում:
Երեկ Ռուսաստանի դեսպանն էր այցելել Մեծամորի ատոմակայան ու այնտեղ հայտարարել՝ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր՝ ըստ հայկական կողմի ընտրության։ Ըստ լրատվամիջոցների՝ Սերգեյ Կոպիրկինը կրկին առաջ է տարել «Ռոսատոմի» առավելությունները, ասել, որ այն ռեակտորների մեծ տեսականի ունի, ինչպես մեծ, այնպես էլ՝ փոքր հզորության:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որ հետևում է ատոմակայանի շուրջ զարգացումներին, պատահական չի համարում ռուսական կողմի ակտիվացումը. - «Կարծում եմ՝ ռուսական կողմը նաև ակտիվանում է այն պատճառով, որ ամերիկյան կողմն է նաև ակտիվացել վերջին շրջանում, հունվարին, որ այդ համաձայնագիրը կնքվեց և որի շրջանակներում նախագիծն իրականացնելու որոշում կայացրեց, սա ևս, կարծում եմ, ազդակ է ռուսական կողմին, որ նրանք պետք է այս շուկան չկորցնեն»:
Երեկ նաև փոքր ռեակտորով կայան կառուցելու առաջարկ արած Մոսկվան դեռ մեկ տարի առաջ խոսում էր մեծ կայանի մասին միայն: Ի՞նչ փոխվեց անցած մեկ տարում: Դեսպանը նաև հիշեցրել է, որ Հայաստանի ատոմակայանը խորհրդային ծագում ունի, իսկ դրա իրավահաջորդը հենց «Ռոսատոմն» է, և որ երկու երկրների չափորոշիչներն այս առումով ընդհանուր են:
Ատոմակայան Ռուսաստանի դեսպանի այցից առաջ ռուսական մամուլը գրեց, թե Կրեմլում Հայաստանի հետ հարաբերություններն այսուհետ համակարգելու է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Նա երկար տարիներ՝ 2005-2016 թվականներին, եղել է «Ռոսատոմ»-ի տնօրենը:
«Նրանք փորձում են այսպես քայլեր իրականացնեն, հայկական կողմի հետ որոշակի պայմանավորվածություններ ունենալ, բանակցել և այլն», - ընդգծեց տնտեսագետը:
Ու մինչ կառավարությունը ժամկետներ չի նշում, թե երբ որոշում կկայացնի նոր էներգաբլոկի կառուցման երկրի ու մոդելի հարցում, ատոմակայանի տնօրենը ռուս դիվանագետին հայտնել է՝ դրան կարելի է սպասել հաջորդ տարի: Էդուարդ Մարտիրոսյանն ասել է, թե որոշողն իրենք չեն, այլ՝ կառավարությունը:
«Էներգետիկ անվտանգությունը կարևոր բաղադրիչ է ցանկացած երկրի համար և ռուսաստանի պարագայում Հարավային Կովկասը վերահսկելու, նաև էներգետիկ որոշակի կառավարման լծակներ ունենալու տեսանկյունից շատ կարևոր կլինի, որ ինքը շարունակի Հայաստանի ատոմակայանի նկատմամբ վերահսկողություն ունենալ կառուցել այդ ատոմակայանը, և դա կարող են ասել նրա երկարաժամկետ ռազմավարությունից էլ է բխում», - ընդգծեց Պարսյանը:
Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին 11 տարի է մնացել։ Նորի կառուցման համար էլ 10 տարի կպահանջվի: 2036-ին Հայաստանը պետք է նոր ատոմակայան ունենա, որն էլ կկառուցվի հնի՝ Մեծամորի տարածքում կամ առնվազն նույն կամ ավելի մեծ հզորության։
Ուղիղ մեկ տարի առաջ Երևանը հայտնել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հուլիսի սկզբին հայտարարեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։
Գրիգորյանի այս հայտարարությունից ամիսներ անց Երևանն ու Վաշինգտոնը սկսեցին բանակցել միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ: Հայտնի չէ, թե ինչպես ու ինչ ելքով կավարտվեն բանակցությունները: Բայց միայն համաձայնագրի ստորագրումից հետո ամերիկյան ընկերություններն իրենց միջուկային տեխնոլոգիաները կարող են Հայաստան բերել:
Ատոմակայանի շուրջ զարգացումներն ուսումնասիրող տնտեսագետը կարծում է, որ այս կառավարությունը չունի բավարար ռեսուրսներ լուծելու այս հարցը:
Հայաստանում սպառվող էներգիայի մոտ 40 տոկոսն արտադրող Մեծամորի ատոմակայանն, ի դեպ, մյուս տարի նորոգման պատճառով չորս ու կես ամիս չի աշխատելու: Թե դա ինչպես կանդրադառնա էներգամատակարարման վրա, պաշտոնյաներն առայժմ չեն պարզաբանել: