Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հաղորդում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Ալիևը կարևորվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Նրանք քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը:
Ադրբեջանական կողմը ևս հաղորդել է, որ Փաշինյանն ու Ալիևը զրույց են ունեցել։
Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Ալիևի հետ հանդիպումից անձայն տեսանյութ հրապարակեց։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն Ալբանիայում են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հաստատել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից հետո կողմերի մեջ բանակցություն, խոսակցություն, շփում կա: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է՝ բանակցությունները ստորագրման շուրջ են:
Երևանը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։