Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցի բարձր դասարանի մի քանի աշակերտներ չորս ամիս շարունակ հետապնդել են 4-րդ դասարանի երկու երեխաների, ստիպողաբար նրանց շուրթերին թմրանյութի նմանվող ճերմակ փոշի քսել, լցրել բերանն ու այդպիսով, ըստ նախնական տեղեկությունների, կախվածություն առաջացրել: Հետո ստիպել են, որ տնից գումար բերեն: «Ազատության» հետ զրույցում մխչյանցիներն են սա պատմել՝ անանուն մնալու պայմանով:
Քննչական կոմիտեն ոչ միայն չի հերքել այս մանրամասներն, ավելին՝ հայտարարել է՝ 4 անձի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, 2-ի նկատմամբ կիրառվել է դաստիարակչական և վարչական հսկողություն, մեկը տնային կալանքում է, մյուսին էլ ձերբակալելու որոշում կա:
Տուժողներն ու մեղադրյալները տոքսիկոքիմիական փրձաքննություն պետք է անցնեն, միայն դրանից հետո իրավապահները կասեն՝ դա թմրանյութ է եղել, թե ոչ:
Այսօր Մխչյանի դպրոց մտնող ծնողները հուզված էին, լարված ու անհանգիստ:
Նրանց հետ հանդիպման էր եկել մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Մարտուն Մանուկյանը: Չբացառեց, որ տնօրենը կազատվի աշխատանքից: Բայց նաև ասաց՝ ծնողների մեծ մասն իրեն հակառակն են խնդրել:
Տարածված այս պատմությունը ցնցել էր նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյաին: Դպրոցը մարզպետարանի ենթակայությամբ է գործում:
Իրավապահներից բացի դպրոցում անելիք ունենք նաև մենք, այսօր ասել է կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» 2023-ի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է թմրանյութեր օգտագործող մոտ 8000 մարդ, որոնցից 13-ը 18 տարեկան են, 7-ը՝ անչափահասներ: Վերջին 1 տարում թմրանյութի ապօրինի շրջանառության մեղադրանքով 10 անչափահասի գործ է ուղարկվել դատարան, իսկ 2018-2023թթ., այսինքն՝ հինգ տարվա ընթացքում այդ թիվը 36 էր: Տարիներ առաջ վարչապետ Փաշինյանն էր ասել՝ սա ազգային անվտանգության հարց է:
Թմրամիջոցների գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը վերջերս վարչապետի սեղանին է դրվել, դեռ քննարկվում է:
Կախվածությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանը, որ այս ոլորտում է ավելի քան 10 տարի, ասում է՝ Հայաստանում բացատրական աշխատանքների խնդիր կա:
Թմրաբանը խորհուրդ է տալիս ծնողներին և ուսուցիչներին ուշադիր լինել երեխաների վարքին, եթե գերակտիվ են, նյարդային շարժումներ ունեն, քնի ու ախորժակի խանգարումներ եք նկատում, ուրեմն առաջին նշաններն արդեն կան՝ մասնագետների դիմեք:
20 տարուց ավելի թմրանյութ օգտագործած մեր զրուցակցիը որ ցանկացավ անանուն մնալ, հատկապես անչափահասներին ու երիտասարդներին է դիմում՝ մեկ անգամ փորձելով հավերժ կկործանեք ձեր կյանքը:
«Չեք էլ պատկերացնում, թե ինչ ցավեր եք ունենալու, դրանք չեն բուժվում, դրանք ձեզ սպանելու են»,- ասաց «Ազատության» զրուցակիցը, որն արդեն 3 տարի կախվածությունից ազատվելու բուժման ընթացքում է:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.