Մատչելիության հղումներ

Վերլուծաբանները թերահավատ են, թե հայ - ադրբեջանական պայմանագիրը այս տարի կստորագրվի


Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյան

Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը տարածաշրջանում տևական կայունություն և անվտանգություն հաստատելու համար: Թեհրանում ընդունելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին: Ըստ իրանական ISNA գործակալության Արաղչին ընդգծել է՝ Թեհրանը ոչ մի ջանք և օգնություն չի խնայի՝ փաստաթղթի ստորագրման համար:

Չնայած խաղաղության պայմանագիրը ստորագրելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, երկու երկրների ղեկավարների նախօրեին կայացած կարճ հանդիպումից հետո առաջընթացի վերաբերյալ որևէ հայտարարություն չհնչեց:

Փաշինյան-Ալիև հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանը կրկնեց խաղաղության պայմանագրի ստորագրման իր նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տասնյակ տարիներ աշխատած ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարում:

«Ադրբեջանի ազգային անվտանգության նկատմամբ ուղիղ վտանգներ պարունակող Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունները խաղաղության հաստատման առանցքային պայման են, ինչը պահանջելը Ադրբեջանի օրինական իրավունքն է», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Ի պատասխան Բաքվի շարունական պնդումներին՝ Երևանը բազմիցս ընդգծել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումն, ապա վավերացումը կփարատի Սահմանադրության առնչությամբ Ադրբեջանի մտահոգությունը: Երևանի հավաստիացումները, սակայն, Բաքվին չեն համոզում:

«Սա ցույց է տալիս, որ այդ բոլոր հայտարարությունները, որ կարելի է լավ լուրեր սպասել, անհիմն են: Այսինքն Բաքուն շարունակում է պնդել Սահմանադրության փոփոխությունը», - նկատում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Մինչ երկու երկրների առաջնորդները Տիրանայում նախ ոտքի վրա, ապա նստած զրուցում էին, Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը նույն գրության մեջ նաև Հայաստանի զինանշանին էր անդրադառնում. - «Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները», - հայտարարում էր Այհան Հաջիզադեն:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն, այդուհանդերձ, չի կարծում, թե զինանշանի հարցը կարող է հերթական նախապայմանը դառնալ. - «Կարծում եմ զինանշանի վերաբերյալ մեկնաբանությունը իմիջիայլոց էր արված, որպեսզի ցույց տրվի, թե Հայատանը ինչ-որ տարածքային պահանջներ ունի հարևանների նկատմամբ: Չեմ կարծում, թե դա ինչ-որ լուրջ նախապայման դառնա այս փուլում»:

Պնդելով, թե դա սեփական նախաձեռնությունն է՝ Հայաստանի իշխանությունները նոր Սահմանադրություն մշակելու գործընթաց են սկսել և այժմ աշխատում են տեքստի վրա : Դատելով մինչ այս արված հայտարարություններից՝ այն հաջորդ տարի նոր պատրաստ կլինի: Տիգրան Գրիգորյանը քիչ հավանական է համարում, որ փաստաթուղթը մինչ այդ կստորագրվի:

«Խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո ակնհայտ էր, որ այդ մինիմալ դեդլայնը, որը պետք է ունենալ, 26 թվականն է, միգուցե նաև 27 թվականը: Հայաստանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ավելի արագ կատարել Սահմանադրության փոփոխությունները, ուստի մինչև 26 թվականը դժվար է ակնկալել ինչ - որ փաստաթղթի ստորագրում», - ասում է նա:

Փաշինյան-Ալիև զրույցից հետո երեկ Երևանը հաղորդեց՝ քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը, հստակ պայմանավորվածությունների մասին, սակայն, խոսք չկար:

Արդրբեջանական կողմը հանդիպման վերաբերյալ առանձին պաշտոնական գրություն չի տարածել: Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի մասին վկայում է միայն նախագահ Ալիևի սոցցանցերի էջերում տեղադրված մի կարճ հոլովակ, որտեղ տարբեր առաջնորդների հետ ունեցած հանդիպումներից դրվագներ են:

«Փաշինյանի և Ալիևի հանդիպումը դժվար է բանակցություններ անվանել, ինչպես տեսանք, շատ ոչ ֆորմալ մթնորտում անցնող ինչ-որ շփումներ էին, որոնք դժվար թե կարողանային արդյունք տալ», - նկատում է Գրիգորյանը:

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորությունների հնարավորության մասին այս ամիս արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր խոսել՝ առանց լրացուցիչ մանրամասների: Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» չէին հերքել ՝ դրա հիմքում ոչ թե Բաքվի դիրքորոշումների փոփոխությունն է, այլ Երևանի տրամադրվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG