Հռոմի պապ Լեո XIV-ը այսօր առաջին անգամ պապամոբիլով մտել է Սուրբ Պետրոսի հրապարակ, որտեղ հազարավոր մարդիկ, այդ թվում՝ տասնյակ երկրների առաջնորդներ, ողջունել են նրան որպես աշխարհի 1.4 միլիարդ կաթոլիկների նոր առաջնորդ։
Ռոբերտ Պրևոստը, որը Վատիկան տեղափոխվելուց առաջ միսիոներությամբ է զբաղվել Պերուում և կարդինալ դարձել ընդամենը երկու տարի առաջ, կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվեց մայիսի 8-ին՝ մոտ երկու օր շարունակված կոնկլավից հետո։
Նոր պապի ձեռնադրության արարողութանը ներկա են բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր. ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ներկա է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ակնկալվում է, որ այսօր՝ ձեռնադրումից հետո իր առաջին կիրակնօրյա քարոզի ժամանակ, Հռոմի նոր պապը կներկայացնի իր առաջնահերթությունները։ Մինչ այդ նա արդեն մի քանի անգամ ընդգծել է, որ կպայքարի խաղաղության համար։