Մատչելիության հղումներ

«Առաջընթացի միակ ճանապարհը Թրամփի և Պուտինի միջև ուղիղ բանակցություններն են»․ Ռուբիո


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեծ ակնկալիքներ չունի պատերազմի ավարտի հարցով Ստամբուլում կայանալիք բանակցություններից։ Ռուբիոն այս մասին լրագրողներին ասել է Անթալիայում, որտեղ հինգշաբթի մասնակցել է ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպմանը։

ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ հակամարտությունը դադարեցնելու ջանքերում առաջընթացի միակ ճանապարհը ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցություններն են։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր բանակցություններ սկսել մայիսի 15-ին, ռուսական պատվիրակությունը նույն օրն առավոտյան ժամանել էր Ստամբուլ։ Ստաբուլում նախատեսված բանակցությունների համար Մոսկվան չորս բանակցողներ և չորս փորձագետներ ներգրավվեց, Պուտինը Թուրքիա չմեկնեց։

Ռուբիոն ասել է, որ ուրբաթ օրը մեկնելու է Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ։

«Իմ գնահատմամբ, ես չեմ կարծում, որ մենք այստեղ բեկում կունենանք, քանի դեռ նախագահ Թրամփն ու նախագահ Պուտինն անձամբ չեն սկսել այս հարցով համագործակցել», - ըստ Reuters-ի՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը։

Ավելի վաղ Թրամփն էր նմանատիպ հայտարարություն արել՝ նշելով՝ ուկրաինական բանակցություններում առաջընթաց չի լինի, քանի դեռ ինքն ու Պուտինն անձամբ չեն հանդիպել։

Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը ժամանել է Անկարա։ Զելենսկին պնդել է, թե Մոսկվան անկեղծ չէ պատերազմը դադարեցնելու ջանքերում, քանի որ այդպես էլ Ստամբուլ չուղարկեց մարդկանց, որոնք «իրականում կարող են որոշումներ կայացնել»։

Հիգշաբթի երեկոյան ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, որոնք առաջին ուղիղ բանակցություններն են վերջին երեք տարվա ընթացքում, կարող են մեկնարկել մայիսի 16-ին Ստամբուլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG