Մատչելիության հղումներ

Բաքվում հայ գերիների դատավարությանը «Ֆիզուլիի և Աղդամի 90-ականների դեպքերն են քննվել»


Բաքվի դատարանի շենքը
Բաքվի դատարանի շենքը

Բաքվի դատարանում նախօրեին տեղի է ունեցել «պատերազմի և այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող հայերի գործով» հերթական դատական նիստը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Report-ը նշում է, որ «դատարանը շարունակել է լսել տուժողների ցուցմունքները, դրանք հիմնականում վերեբերել են 1992-ին Ֆիզիուլիում և Աղդամում տեղի ունեցած դեպքերին»։

Տուժող ներկայացող Սուջայաթ Մադաթովան պատմել է, որ 1992 թվականի մայիսի 16-ին Ֆիզուլիի հրթիռակոծության ժամանակ իր ամուսինը զոհվել է։ Նա նաև հայտարարել է՝ «երբ հայկական զինված ուժերը գրավել են այդ տարածքը, քաղաքացիներին նույնիսկ փախչելու հնարավորություն չի տրվել»։ Ռեյ Գասիմովն էլ ասել է, որ «Աղդամը 1992 թվականի գարնանը հայտնվել է հայկական բանակի կրակոցների տակ, որի հետևանքով Աղդամի տասնյակ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել»։

Նիստի ընթացում նաև տեսանյութեր են հրապարակվել։

Դատավարությունը կշարունակվի այսօր՝ մայիսի 16-ին։

Մայիսի 12-ին Բաքվի ռազմական դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավարության հերթական նիստի թեման «Քելբաջարի գրավումն» է եղել։

Այս դատավարություններին ներկա չեն լինում անկախ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ ու փաստաբաններ, և ադրբեջանական պետական լրատվամիջոցների հաղորդածը փաստացի ստուգելու հնարավորություն չկա:

Բաքվի բանտերում այժմ 23 հայ է պահվում։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Եվրախորհրդարանը, մարտի 13-ին հրատապ կարգով բանաձև ընդունեց՝ նաև պնդելով, որ հայերի դեմ Բաքվի դատավարությունները շինծու են, նրանք ենթարկվում են նվաստացման ու կտտանքների։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG