Անկարայում նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ նախագահական համալիրում մամուլի համար փակ երկկողմ հանդիպումն ու աշխատանքային ընթրիքը՝ պատվիրակությունների մասնակցությամբ, տևել է 2 ժամ 45 րոպե։
Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Քըլըչը։
Հանդումից մանրամասներ կողմերը չեն հաղորդում։ Հանդիպումից հետո Զելենսկին X-ում միայն շնորհակալություն է հայտնել «Էրդողանի թիմին և Թուրքիայի ժողովրդին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար»։
Զելենսկին երեկ է ժամանել Թուրքիա, որտեղ նախատեսված են ուկրաինական հակամարտության հարցով ռուս-ուկրաինական բանակցությունները։
Թուրքիայի նախագահականն երեկ ավելի վաղ հաղորդել էր, որ Զելենսկին կժամանի Թուրքիա, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ վերջին զարգացումները, կընդգծվի հրադադարի անհապաղ մեկնարկի և խաղաղ բանակցությունների վերաբերյալ Թուրքիայի մոտեցումը, կարծիքներ կփոխանակվեն նաև Թուրքիա-Ուկրաինա երկկողմ օրակարգի վերաբերյալ։