«Սրանց ճակատներին պետք է տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ». Քոչարյան
Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի գործում, հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ խոսելով իշխանությանը վերագրվող կոռուպցիոն գործերից:
Մասնավորապես ԱՆԻՖ -ի դեպքի մասին է նա նշել՝ ասելով, որ Փաշինյանին «համարում է կոռուպցիայի Էնշտեյն»:
«Ստեղծել հիմնադրամ, լցնել այն 65 միլիոն դոլարով՝ հարկատուների փողով: Հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի տեղավորել այդ օֆիսում... երկու ամսում այդ փողն անհեհետացել է: Էս մարդը Դեյվիդ Կեպերֆիլդն է, սա նոր խոսք է կոռուպցիոն գործում: Սրանց ճակատներին պետք է տատու անել՝ «կոռուպցիոն հանճարներ»: Երկիրը սարքել են կոռուպցիայի դրախտ», - ասել է Քոչարյանը:
ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության՝ Fly Arna, «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Մասդար».... ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները, խորհրդարանում նախորդ շաբաթ հայտարարել էր գլխավոր դատախազը:
Երկրորդ նախագահը շեշտել է, թե «Համահայկական հիմնադրամից 100 միլիոն դոլար փոխանցվել է այդ բյուջե և անհետացել»:
«Ես առցանց մասնակցում էի այդ նիստին, այն ժամանակ ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էի, ասում եմ՝ հաշվետվություն գոնե պետք է ներկայացվի՝ ո՞ւր են գնացել այդ փողերը: 100 միլիոն դոլարը եկել ու անհետացել է: Բազմաթիվ այլ օրինակներ: <> Հիմա ուզո՞ւմ եք ասել, որ 65 միլիոն դոլարը կարող է ցնդել, և առաջին դեմքը դրա հետ առնչություն չունենա՞: Քանի՞ տոկոսն է գնացել այդ օֆիսին, և քանի՞ տոկոսն է գնացել շեֆին»:
Երկրորդ նախագահն իր հարցազրույցում նաև պետական պարտքից է խոսել: Դեկտեմբերի 31-ին պետական պարտքը 12 միլիարդ 842 միլիոն դոլար է կազմել: Ներքին պարտքը 6 միլիարդ 388 միլիոն դոլար է, արտաքինը՝ 6 միլիարդ 454 միլիոն:
«Բյուջեի պարտքը ավելացրել են 7 միլիարդ դոլարով, հիմա առարկայական ի՞նչ են արել այդ 7 միլիարդով, որ մենք գնանք, տեսնենք: Բան չկա: Կոռուպցիոն մտքի թռիչք եղավ, լրիվ ուրիշ ծավալների: Համոզված եմ, որ այդ 7 միլիարդի առնվազն 2 միլիարդը ուղղակի փոշիացվել է, կորել: Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է: Ես իրենից մի 10-5-15 անգամ չգիտեմ՝ որտեղ եմ էլի: Նույնիսկ էն որ ասում են՝ даже обидно», - ասել է նա:
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին հորդորել է դիմել բժշկի
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել է Քոչարյանին «դիմել բժշկի» նման հայտարարություններ անելու պատճառով:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում երբևիցե եղած ամենաբաց ղեկավարն է երկրի, ՀՀ-ում բոլորը գիտեն, թե ով է երկրի ամենահարուստ ղեկավարը, և ում դեմ է այդ պահի դրությամբ 200 միլիոն դոլարի... ավելի լավ կլիներ՝ ինքը խոսեր՝ այդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղից էին բերել, պա՞պն էր կտակել, Ալբանիայի՞ց էր ստացել որպես օգնություն, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը», - ասել է խոսնակը:
Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով երկրորդ նախագահից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:
Ալեն Սիմոնյանն, իր հերթին, Քոչարյանին անվանել է «թալանչի». «Արդարանալուն միտված հարցազրույցն իրեն չի փրկելու, Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է»։
«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին». Ռոբերտ Քոչարյան
Քոչարյանի համոզմամբ՝ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն իրատեսական չէ: Ավելին՝ Քոչարյանը տված հարցազրույցում չի բացառել, որ դա բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից, նշելով, թե վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին:
«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին: Ես, օրինակ, վստահ չեմ: Ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը իմփիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու: Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում: Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է: Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ ի՞նչ է եղել, փորձենք՝ չի լինի, չի լինի:
Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության հավանականություն ունի, իմ համար հետաքրքիր չէ», - ասել է նա:
Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե ում է դա հետաքրքիր՝ ըստ իրեն. «Օրինակ՝ մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու կյանքի երազանք է: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ անհայտ, ոչ մեկը քո տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, դառնում ես այդ պահին կենտրոնական դեմք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք ինչ-որ մարդկանց այդ երազանքը իրականացնելու համար»:
Վարչապետի նախկին թիմակիցները՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել: Պատգամավորների վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է:
Իմփիչմենթի թեման մոտ մեկ ամիս է՝ եռում է ընդդիմադիր դաշտում: «Արթուն ենք» նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նամակներով բոլոր պատգամավորներին խնդրել էին այս գործընթացը նախաձեռնել: «Պատիվ ունեմ»-ից պատասխանել էին, թե իրենք էլ են դա համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը:
«Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե 28 պատգամավորներն էլ պատրաստ են ստորագրել իմփիչմենթի գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող երկու ստորագրությունը ու բացի այդ հայտարարեն՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը իր հարցազրույցում անդրադարձել է նաև պնդումներին, թե փողոցի ճնշման ճանապարհով հնարավոր է հարցը լուծել՝ ասելով. «Եթե դու այնպիսի փողոց ես հավաքել, և ճնշումդ այնպես ուժգին է, որ կարող է 20 հոգի հրաժարվել, հենա հրաժարական եք պահանջում: Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փողոցում, փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի: Սիրուն հայտարարություններով, Սահմանադրության վրա հղումներ կատարելով անլուրջ է, դրա համար մենք չենք մտնում այդ պատմության մեջ»:
ՀՀԿ-ն իմփիչմենթի գործընթացի հեռանկարը չի տեսնում, դրա համար էլ թեկնածու չունի. Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը հարց տվեց, թե ինչո՞ւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունը վարչապետի թեկնածու չառաջադրեց: Ի դեպ, «Պատիվ ունեմը» հայտարարել էր, թե պատրաստ է սատարել նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
Երկրորդ նախագահը, մինչդեռ, այսօր պնդեց՝ Սերժ Սարգսյանի առաջնորդած խմբակցությունը, որը կողմ է արտահայտվել վարչապետի իմփիչմենթի գործընթացին, թեկնածու չի առաջադրել, քանի որ վարչապետի անվստահության գործընթացն անհեռանկարային է համարում:
«Տարօրինակ չի՞ թվում, կուսակցությունը, որ երկար տարիներ եղել է իշխող կուսակցություն, թեկնածու չունի: Համապատասխան որակներ ունեցող մարդ չունե՞ն, թե՞ չեն ուզում, որովհետև հեռանկարը չեն տեսնում: Համոզված եմ՝ համապատասխան որակավորումներ ունեցող մարդիկ ունեն, հեռանկարը չեն տեսնում, դրա համար թեկնածու չունեն», - ասել է նա, շարունակելով, - «Հիմա «Հայաստան» դաշինքն ունի՞ վարչապետի թեկնածու: Մեր ֆրակցիայում միայն 8 հոգի կարող է վարչապետ լինել իր անցած ճանապարհով ու փորձով, բայց կրկնում եմ՝ մենք մարդ չունենք, որը 48 ժամվա համար պատրաստ է նման քայլի գնալ, չեմ կարծում, որ որևէ լուրջ թենածու պատրաստ է մտնել այդպիսի գործընթացի մեջ»:
Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է նաև հարցին, թե ով է իրականում ցանկանում իրեն այս գործընթացի միջոցով թիրախավորել, քանի որ իր առաջնորդած «Հայաստան» դաշինքն, ավելի վաղ տարածած հայտարարության մեջ անդրադառնալով Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, նշել էր, թե իրականում նպատակ ունեն թիրախավորել և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությանը:
«Ո՞վ է թիրախավորում ինձ, նրանք, ովքեր այդ թեման քշում են, նախաձեռնողներ և կոնկրետ աջակցողներ: Տվյալ դեպքում ենթատեքստը Հանրապետական կուսակցությունն է, ես ենթադրում եմ ... հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը, թող շարունակեն: Ես թիրախավորվելու իմունիտետն արդեն ունեմ գիտե՞ք քանի տարի, շատ երկար տարիների փորձ ունեմ», - ասել է նա:
«Արտահերթ ընտրություններ հնարավոր են». Ռոբերտ Քոչարյան
Նախկին նախագահը հնարավոր համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
«Մինչև հերթական ընտրությունները մեկ տարի է մնացել, հնարավո՞ր է արտահերթ, թե՞ չէ, հնարավոր է: Հավանականություն ես տեսնում եմ որոշակի, և պարզ է, որ այդ քաղաքական մարտերը խորհրդարանում պետք է սրվեն, և իմ գնահատականով՝ գալիք տարին այդպիսին է լինելու»:
Իշխող ուժից, մինչդեռ, ավելի վաղ պնդել էին՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու:
«Երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ, և սա պայթեցրեց վիճակը»
Այսօր եթեր հեռարձկված հարցազրույցում նախկին նախագահն անդրադարձել է նաև այն հարցին, թե որքանով էր ճիշտ 2018-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու երրորդ նախագահ Սերժ Սարգսանի որոշումը, և արդյոք հնարավոր էր խուսափել դրանից: Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե իշխանափոխությունը ծանր հետևանքներ ունեցավ նաև թե՛ Հանրապետականի և թե՛ Սարգսյանի համար. «Հեղափոխության վտանգի պարագայում եղել է իշխանության փոխանցում: Պատճառները հետևյալն էին՝ հսկայական լարվածություն է եղել երկրի ներսում, դրա ինդիկատորները կային...Չափազանց մեծ հակում կար քաղաքական և տնտեսական մոնոպոլիաների, և սա հանրային մեծ լարվածություն էր ստեղծում: Այն ընդդմիությունը, որ դրա պետք է պայքարեր, ներառավել էր Հանրապետականի ցուցակի մեջ, և քաղաքական ինչ-որ դիզայնի բան կար, ընդդմիության դաշտը թարմացնելու ինչ-որ տպավորություն կար: Որովհետև գործող ընդդիմադիրները հայտնվել էին իշխանակն ցուցակներում, և նոր դեմքեր էին հայտնվել այդ դաշտում, որոնցից մեկն էլ հենց Նիկոլ Փաշինյանն էր»:
Ռոբերտ Քոչարյանը հեռահար հարցեր ուղղեց Սերժ Սարգսյանին, թե արդյոք ԱԱԾ-ն, ՀՀԿ-ն նրան չէին զեկուզում, որ երկրում լուրջ լարվածություն է. « Տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահն ընտրվեց վարչապետ, հիմա հարց է առաջանում՝ ո՞նց եղավ, Դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը: Այդ ժամանակ թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չի զբաղեցնելու, այնուամենայնիվ երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ, և սա պայթեցրեց վիճակը: Լատենտային լարվածությունւ մնում էր, մարդիկ հույս ունեցան, որ հեսա կփոխվի, Կարեն Կարապետյանը կգա, և բան կփոխվի, հույսեր առաջացրեց, և պարզվեց, որ ոչ, ու սա վիճակը պայթեցրեց»:
Հարցին, թե հնարավո՞ր էր խուսափել իշխանությունը հենց Փաշինյանին փոխանցելուց, նախկին նախագահը համոզմունք է հայտնել, թե հնարավոր էր. «Այդ անխուսափելիությունը փորձում են հիմնավորել հետևյալով, որ չէին կրակելու ժողովրդի վրա: Իսկ ո՞վ է ասում, որ պետք է կրակեիք: Ընդամենը պետք էր իրենց շրջանկաներից գտնել մի մարդ և փորձել իրավիճակը հանգստացնել: Ես համոզված եմ, որ եթե սկբզից էլ ընտրվեր Կարեն Կարապետյանն, այս պատմությունը չէր էլ լինի»:
Ի դեպ, Քոչարյանը փակագծեր բացեց՝ ասելով, որ մինչև Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը, երբ իրավիճակը լարվում էր, զանգահարել է և խոսել նրա հետ, իրավիճակից է հարցրել, ապա, թե «կոնտրոլը կորցնեու եք», ինչին ի պատասպան, ըստ Քոչարյանի, Սերժ Սարգսյանն ասել է, թե որևէ խնդիր չկա:
«Ինքը շատ հանգիստ ասաց՝ ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է, ինձ դա զարմացրեց: Ասացի՝ վստա՞հ ես, շատ հանգիստ ասում է՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է, 5-6 օր հետո հրաժարական տվեց: Երբ քեզ շատ հանգիստ ասում են, որ ամեն ինչ նորմալ է, ես ի՞նչ պետք է անեի: Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել»,- հավելել է նա: