Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են այսօր առավոտյան F-16-ի կործանման մասին։
Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ կործանիչում «արտակարգ իրավիճակ» է ստեղծվել։
Նշվում է, որ կործանիչը ռուսական բանակի օդային հարձակումն էր հետ մղում, երբ կապը F-16-ի հետ կորել է։ Նաև Հաղորդվում է, որ օդաչուն հեռացրել է ինքնաթիռը բնակեցված տարածքից, ապա դուրս նետվել կործանիչից, նրան գտել են և տարհանել: Փրկարարների խոսքով՝ «օդաչուի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»։
«Նախնական տվյալներով՝ օդաչուն օդային երեք թիրախ է ոչնչացրել։ Չորրորդ թիրախը ոչնչացնելու ընթացքում ինքնաթիռում արտակարգ իրավիճակ է առաջացել», - հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Թե ինչ «արտակարգ իրավիճակի» մասին է խոսքը, չի նշվում։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի Ռազմաօդային ուժերի աղբյուրը բացառել է կործանիչն ուկրաինական ՀՕՊ-ի կողմից խոցվելու վարկածը։
Ուկրաինան արևմտյան դաշնակիցներից F-16-ների առաջին խմբաքանակը ստացել է 2024 թվականի ամռանը։ Ուկրաինա տեղափոխված կործանիչների թիվը չի հրապարակվում։
Ուկրաինան առաջին անգամ F-16-ի կործանման մասին հաղորդեց 2024-ի օգոստոսի 26-ին, օդաչուն մահացավ։ Ուկրաինայի Զինված ուժերն այն ժամանակ հայտնեցին, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական օդային հարձակումը հետ մղելիս։