Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում կասկած է հայտնել, թե վարչապետ Փաշինյանը ՀՀ-ի ամենից հարուստ մարդն է: Այս մասին նա նշել է՝ անդրադառնալով իշխանությանը վերագրվող կոռուպցիոն գործերին:
«Բյուջեի պարտքը ավելացրել են 7 միլիարդ դոլարով, հիմա առարկայական ի՞նչ են արել այդ 7 միլիարդով, որ մենք գնանք, տեսնենք: Բան չկա: Կոռուպցիոն մտքի թռիչք եղավ, լրիվ ուրիշ ծավալների: Համոզված եմ, որ այդ 7 միլիարդի առնվազն 2 միլիարդը ուղղակի փոշիացվել է, կորել», - ասել է նա:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորել է Քոչարյանին «դիմել բժշկի» նման հայտարարություններ անելու պատճառով:
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանում երբևիցե եղած ամենաբաց ղեկավարն է երկրի, ՀՀ-ում բոլորը գիտեն, թե ով է երկրի ամենահարուստ ղեկավարը, և ում դեմ է այդ պահի դրությամբ 200 միլիոն դոլարի... ավելի լավ կլիներ՝ ինքը խոսեր՝ այդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղի՞ց էին բերել, պա՞պն էր կտակել, Ալբանիայի՞ց էր ստացել որպես օգնություն, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը», - ասել է խոսնակը:
Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով երկրորդ նախագահից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլիի և շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ և ավելի քան 20 մլրդ դրամ:
Ալեն Սիմոնյանն, իր հերթին, Քոչարյանին անվանել է «թալանչի». «Արդարանալուն միտված հարցազրույցն իրեն չի փրկելու, Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է»։
Քոչարյանը նաև ԱՆԻՖ -ի դեպքի մասին է նշել՝ ասելով, որ Փաշինյանին «համարում է կոռուպցիայի Էնշտեյն»:
«Ստեղծել հիմնադրամ, լցնել այն 65 միլիոն դոլարով՝ հարկատուների փողով: Հետո ստեղծել օֆիս, ընկեր, հարազատ, խնամի տեղավորել այդ օֆիսում... երկու ամսում այդ փողն անհեհետացել է», - ասել է երկրորդ նախագահը:
ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալու, «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության՝ Fly Arna, «Հարդ Ռոք», «Քեյ էնդ ջի», «Ապագա փրոջեքթ», «Մասդար» ընկերությունների հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները, խորհրդարանում նախորդ շաբաթ հայտարարել էր գլխավոր դատախազը: