Մատչելիության հղումներ

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի ընդունումը


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանն ուղղված օրակարգային հարցեր, ընդգծվել է երկկողմ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ հատկապես ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական ինտեգրման, ենթակառուցվածքների արդիականացման և բարեփոխումների ոլորտներում:

Փաշինյանը բարձր է գնահատել Եվրամիության հետևողական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել փոխգործակցությունը ԵՄ-ի հետ՝ ապահովելով համագործակցության նոր և արդյունավետ փուլ:

Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներն, իրենց հերթին, վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին և ողջունել Հայաստանի կողմից ձեռնարկվող դրական քայլերը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել և կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացման կարևորությունը:

ԵՄ ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար: Նրանք շեշտել են ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին և խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը:

Կոշտան և Ֆոն դեր Լայենը ողջունել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:


XS
SM
MD
LG