Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Օլեգ Սալյուկովն ազատվել է պաշտոնից։
ՌԴ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ ցամաքային զորքերի նոր գլխավոր հրամանատար է նշանակվել Կենտրոնական շրջանի զորքերի ղեկավար գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևը։
Մորդվիչևը գլխավորել է 2022 թվականի գարնանը ռուսական զորքերի հարձակումը Մարիուպոլի վրա: Ըստ СБУ-ի, Մորդվիչևը մասնակցել է նաև «Ազովստալ»-ի գրոհին ու դրա պլանավորմանը։
Human Rights Watch-ի տվյալներով՝ ռուսական զորքերը, նրա ղեկավարությամբ, կարող էին ներգրավված լինել Մարիուպոլում խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման և մահվան գործում: Ուկրաինան Մորդվիչևի նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Իսկ Սալյուկովի պաշտոնանկության պատճառը, ըստ կրեմլամետ Mash-ի, նրա տարիքն է եղել․ մայիսի 21-ին նա դառնում է 70 տարեկան և, ըստ օրենքի, պետք է թողնի զինվորական ծառայությունը։
Սալյուկովը ցամաքային զորքերի և Մոսկվայի կայազորի հրամանատարն էր 2014 թվականից։ Այս պաշտոնում նա 2014-ից ղեկավարել է նաև Մոսկվայում մայիսի 9-ի շքերթները՝ 2025-ինը ներառյալ։
Պուտինը Օլեգ Սալյուկովին նշանակել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի տեղակալ։