Մոսկվայի իշխանություններն այսօր մետրոյի կենտրոնական՝ «Տագանսկայա» կայարանում խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինի խորաքանդակն են վերականգնել, որը հանվել էր 1960-ականներին՝ Նիկիտա Խրուշչովի օրոք։
Մինչ այդ՝ վերջին տարիներին Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղադրվել են Ստալինի կիսանդրիներ և արձաններ, բայց սա առաջին դեպքն է, երբ նրան նվիրված հուշարձան է բացվում մեգապոլիսի կենտրոնում։
«Վերականգնում ենք պատմական խորաքանդակը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին», - հայտարարել է Մոսկվայի մետրոն։ Հուշարձանի վերականգնման մասին իշխանությունները չեն հայտարարել մինչև դրա բացումը, հաղորդում են ռուսական անկախ լրատվամիջոցները։
Անցյալում Ստալինի կիսանդրիները բողոքի ցույցեր են առաջացրել Ռուսաստանում։ Սակայն 2022 թվականից՝ Ուկրաինայի վրա հարձակումից ի վեր, բռնապետի փառաբանումը դատապարտող իրավապաշտպան խմբերի մեծ մասի գործունեությունն արգելվել է։
Լիբերալ «Յաբլոկո» կուսակցությունը պահանջել է հեռացնել խորաքանդակը, պնդելով, թե դրա վերականգնումը նշանակում է «թքել պատմության երեսին»։
Ստալինը ղեկավարել է Խորհրդային Միությունը 1924-ից մինչև իր մահը՝ 1953 թվականը՝ միլիոնավոր անմեղ մարդկանց ուղարկելով աշխատանքային ճամբարներ, որտեղից շատերը տուն չվերադարձան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը, որն իշխանության է 2000-ից, Ստալինից հետո Ռուսաստանում իշխող ամենաերկարակյաց ղեկավարն է։