Եվրոպան դեռ շատ հեռու է Ուկրաինայում զորք տեղակայելուց․ Մերց

UKRAINE-CRISIS/COALITION

Եվրոպական երկրները դեռ շատ հեռու են Ուկրաինայում զորք տեղակայելու հարցը քննարկելուց, քանզի բոլոր ջանքերն այժմ կենտրոնացած են առանց նախապայմանների հրադադար ապահովելու վրա, երեկ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսին, տեղեկացնում է Reuters-ը։

«Հաջորդ քայլը պետք է լինի պարզաբանելը, թե ինչպիսին է լինելու խաղաղ բանակցությունների ձևաչափը, ինչպես նաև այն, թե անվտանգության ինչ երաշխիքներ երբևէ անհրաժեշտ կլինեն Ուկրաինային», - ասել է Մերցը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակն անկանխատեսելի է։

«Այս պահին [զորքերի] մասին խոսելու որևէ պատճառ չկա, մենք շատ հեռու ենք դրանից։ Մենք ցանկանում ենք, որ զենքերը դադարեն կրակել, սպանությունները դադարեցվեն... սրանք են այն հարցերը, որոնց վրա մենք կենտրոնացած ենք, և ոչ մի այլ բան», - հավելել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության գալուց հետո բազմիցս ասել է, որ մտադիր չէ նախկին վարչակազմի նման օգնել Ուկրաինային՝ պարզաբանելով, որ սա «իրենց պատերազմը չէ»։ Եվրոպական երկրները այդ պահից ի վեր քննարկում են, թե ինչպես Ուկրաինային պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրեն՝ խաղաղության հնարավոր համաձայնագրի ստորագրումից հետո։

Ստեղծվել է նաև, այսպես կոչված, Ուկրաինային աջակցել ցանկացող մոտ 30 երկրների կոալիցիա, որոնք արդեն մի քանի հանդիպում են անցկացրել այս հարցով։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է Ուկրաինայում եվրոպական զորք տեղակայել։ Ռուսաստանի իշխանությունները, սակայն, բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են Ուկրաինայի տարածքում երրորդ երկրների զորքերի ներկայությանը։

Վատիկանը՝ հանդիպման վայր

Ստամբուլում անցած ուրբաթ՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններից հետո, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի բացառել, որ հաջորդիվ Ռուսաստանի և Ուկրաինայի համար բանակցային հարթակ կարող է դառնալ Վատիկանը, որը նման առաջարկ է արել։

«Վատիկանը շատ առատաձեռն առաջարկ է արել՝ հյուրընկալելու ցանկացած հանդիպում, ի դեպ, ոչ միայն Զելենսկու և Պուտինի միջև, այլև ցանկացած հանդիպում, այդ թվում՝ տեխնիկական մակարդակով։ Դա առատաձեռն առաջարկ է, որը կարող է ընդունվել»,-երեկ CBS News-ին ասել է նա։

ԱՄՆ պետքարտուղարը պարզաբանել է, որ Վատիկանը կարող է լինել վայր, որտեղ բոլոր կողմերը իրենց հարմարավետ կզգան, ապա հույս է հայտնել, հնարավոր կլինի հասնել մի կետի, երբ կանոնավոր բանակցություններ կանցկացվեն, և Վատիկանը կարող է դիտվել որպես հանդիպման հարթակ։

Ուկրաինացիները թերահավատ են

Մինչ Ուկրաինան ու Ռուսաստանը փորձում են ուղիղ բանակցությունների միջոցով դադարեցնել պատերազմը, ուկրաինական հանրության շատ քիչ մասն է հավատում, որ Ստամբուլում մեկնարկած գործընթացը կնպաստի խաղաղությանը։ Ուկրաինական «Ռեյտինգ» սոցիոլոգիական խումբը Ստամբուլի հանդիպման արդյունքների վերաբերյալ հասարակական կարծիքի հարցում է անցկացրել, որի արդյունքներով պարզվել է, որ ուկրաինացիների միայն 25%-ն է կարծում, որ այս բանակցությունները կողմերին կմոտեցնեն խաղաղությանը։

Ընդորում, հարցվածների բացարձակ մեծամասնությունը (74%) ասել է, որ աջակցում է առանց որևէ նախապայմանի 30-օրյա հրադադարի մասին Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախաձեռնությունը (Ռուսաստանը բազմիցս մերժել է այս առաջարկը):

Բացի այդ, հարցման մասնակիցների մեծ մասը (53%) կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Թուրքիա հաջողված էր։ Զելենսկին հինգշաբթի ժամանել էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որից առաջ նա Վլադիմիր Պուտինին անձամբ հրավիրել էր իր հետ բանակցելու և ասել, որ պատրաստ է մեկնել Ստամբուլ, եթե Ռուսաստանի նախագահը նույնպես այնտեղ գա։ Սակայն, իր փոխարեն, Պուտինը Թուրքիա ուղարկեց պաշտոնյաների պատվիրակություն։

Հարցված ուկրաինացիների մեծ մասի (54%) կարծիքով Պուտինը Թուրքիա չժամանեց, քանի որ չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ 22%-ը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդը դա չի արել վախից դրդված։

Պուտինը հրաժարվել է Ուիթքոֆի հետ քննարկել խաղաղության ամերիկյան ծրագիրը․ FT

Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ անցյալ շաբաթ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆին ասել են, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում քննարկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկած ծրագիրը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պատճառով Ուիթքոֆը հետաձգել է Պուտինի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպումը։

Խաղաղության ծրագիրը, որը բաղկացած է 22 կետից, պատրաստվել է Լոնդոնում ԱՄՆ, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների բանակցություններից հետո: Reuters-ը գրել էր, որ ԱՄՆ կողմից առաջարկվող պայմանները ներառում են մշտական հրադադար և կողմերի միջև տեխնիկական խորհրդակցություններ: Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ կստանա «եվրոպական պետությունների խմբից և ոչ եվրոպական երկրներից», սակայն ոչ ԱՄՆ-ից: Միևնույն ժամանակ, Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալուց, բայց կարող է ձգտել անդամակցել ԵՄ-ին: