Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է լիազորությունները

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները:

Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ նա, հայտնելով իր այդ որոշման մասին, նաև դիմեց իր բնորոշմամբ՝«Ազգային ժողովում ծվարած որոշ մանդատագողերին»՝ ասելով. «2026 թվականը սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026 թվականին, և 2026-ին ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց այս որոշումը՝ հավելելով, թե աշխատանքը ենթադրում է զսպվածություն, «զսպվածություն նաև այն պայմաններում, երբ մեզ անընդհատ սադրում են»:

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դաժան ծեծից հետո, որին անձամբ մասնակցում էր թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, երկու քրեական գործ է հարուցվել: Ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, նաև թաղապետին: