Էդմոն Մարուքյանը՝ վարչապետի թեկնածու. Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսեն

Վարչապետի նախկին թիմակիցները՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսում: Պատգամավորների վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է:

«Ինձ առաջարկել են տալ համաձայնություն, որպեսզի նրանք կարողանան սկսել անվստահության գործընթաց», - նշեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը համաձայնել է ու այս գործընթացը համարում է պատմական. - «Մեզ անհրաժեշտ է 36 ստորագրություն, որպեսզի այս պատմական գործընթացը մեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում»:

Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը հասնի Ազգային ժողովի նիստերի դահլիճ ու այնտեղ քննարկվի, 36 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ: Ընդդիմադիր երկու խմբակցությունների ձայները բավարար չէին, պակասում էր ընդամենը երկու ստորագրություն, հիմա, երբ նախկին ՔՊ-ականներն են գործի անցնում, այդ խնդիրը լուծվում է:

«Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը սկսում են իրենց նախաձեռնությունը ոչ թե ուղղակի անհասցե, այլ կոնկրետ վարչապետի թեկնածուով, և սա նշանակում է, որ ըստ էության կարող ենք ասել, որ որևէ խոչընդոտ ես չեմ տեսնում, քանի որ հայտարարությունները կարդացել եմ թե՛ «Պատիվ ունեմ», թե՛ «Հայաստան» դաշինքների, որ որևէ խոչընդոտ չկա, որ նրանք նույնպես իրենց ստորագրությունները տեղադրեն Ազգային ժողովի նախագահին ուղղվող դիմումի տակ», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Արդյոք երկրորդ ու երրորդ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերը կմիանա՞ն այս նախաձեռնությանը, ընդդիմադիր խմբակցությունները դեռ չեն արձագանքել: Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու հարցը քննարկելու համար հանդիպում խնդրեց: Օհանյանը խոստացավ պատասխանել, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարին էլ դիմեց:

Իմփիչմենթի թեման մոտ մեկ ամիս է եռում է ընդդիմադիր դաշտում: «Արթուն ենք» նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նամակներով բոլոր պատգամավորներին խնդրել էին այս գործընթացը նախաձեռնել: «Պատիվ ունեմ»-ից պատասխանել էին, թե իրենք էլ են դա համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը: Օրենքի պահանջն է՝ իմփիչմենթ նախաձեռնողները պետք է նաև վարչապետի թեկնածու առաջադրել: «Պատիվ ունեմը» պատրաստ էր առանց նախապայմանների քննարկել թեկնածուի հարցն ու սկսել:

«Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե 28 պատգամավորներն էլ պատրաստ են ստորագրել իմփիչմենթի գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող երկու ստորագրությունը ու բացի այդ հայտարարեն՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։ «Հայաստան» խմբակցությունն անհնար է համարում այս գործի հաջողությունը, եթե ժողովուրդը ոտքի չկանգնի: Նախկին ՔՊ-ականներն ու նրանց վարչապետի թեկնածուն այս մասին դեռևս ոչինչ չեն խոստանում:

Եթե անգամ ընդդիմադիրները միանան այս նախաձեռնությանը էլի բավարար չէ Փաշինյանին հեռացնելու համար: Պատգամավորների մեծամասնությունը պետք է կողմ քվեարկի, այսինքն «Քաղաքացիական պայմանագրից» էլ պետք է առնվազն 18 պատգամավոր միանա: ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը բացառում է, որ իրենց թիմից թեկուզ մեկ հոգի կողմ լինի Փաշինյանին անվստահություն հայտնելու որոշմանը:

Արտախորհրդaրանական ընդդիմադիրներից առայժմ էդգար Ղազարյանն է արձագանքել Մարուքյանի թեկնածությանը. - «Գործընթացը չի կոչվում Էդմոն Մարուքյանին կամ ուրիշ ուրիշյանին վարչապետ ընտրելու մասին, այդ գործընթացի գլխավոր նպատակը վարչապետին անվստահության հայտնելն էր: Նախաձեռնության հեղինակները կարող են ներկայացնել իրենց համար նախընտրելի թեկնածու»:

Փաշինյանի նախկին թիմակիցները այս գործընթացը սկսել են հենց Էդգար Ղազարյանի ու Նարեկ Մալյանի հորդորին հետևելով, ասաց Հովիկ Աղազարյանը:

Արդյոք խորհրդարանական ընդդիմությունը միաձայն կմիանա՞ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված պատգամավորների նախաձեռնությանն ու Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Մարուքյանի թեկնածությանը: Աղազարյանն ասաց՝ ոչ մի մեկին ոչինչ չեն համոզելու: Վարչապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը երկուշաբթի պատրաստ կլինի: