«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին». Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է վարչապետի իմփիչմենթի գործընթացի մասին, մեղադրել Նիկոլ Փաշինյանին կոռուպիցայի ու միլիոնավոր դոլարներ փոշիացնելու մեջ, անդրադարձել 2018-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին փոխանցելու Սերժ Սարգսյանի սխալներին և հայտարարել երկրի ղեկը դարձյալ ստանձնելու պատրաստակամության մասին:
«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է», - նշեց Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանն իրատեսական չի համարում այսօր խորհրդարանում մեկնարկած վարչապետի անվստահության գործընթացը: Ավելին, խորհրդարանական ամենամեծ «Հայաստան» խմբակցության առաջնորդը չբացառեց, որ իմփիչմենթի նախաձեռնությունը բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից, նշելով, թե վստահ չէ, որ վարչապետը դեմ է այդ գործընթացին:
«Ես, օրինակ, վստահ չեմ: Ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը իմփիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու: Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար հետաքրքիր չէ: Ես կարող եմ ասել, թե ում համար է դա հետաքրքիր, օրինակ, կարող է մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու, կյանքի երազանք է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք ինչ-որ մարդկանց այդ երազանքն իրականացնելու համար», - ասել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էդմոն Մարուքյանն Աղազարյանի ուղեկցությամբ ժամանեց խորհրդարանՀՀԿ-ն իմփիչմենթի գործընթացի հեռանկարը չի տեսնում, դրա համար էլ թեկնածու չունի. Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ ոչ միայն ինքը, այլև այժմ խորհրդարանում վարչապետի իմփչմենթին աջակցող Սերժ Սարգսյանի Հանրապետականն էլ այդ գործընթացը իրատեսական չի համարում: Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրում: «Պատիվ ունեմ»-ն ավելի վաղ հայտարարել էր, թե պատրաստ է սատարել նաև Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
«Հեռանկարը չեն տեսնում, դրա համար թեկնածու չունեն: Չեմ կարծում, որ որևէ լուրջ թեկնածու պատրաստ է մտնել այդպիսի գործընթացի մեջ», - նշեց երկրորդ նախագահը:
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց նաև հարցին, թե ո՞վ է իրականում ցանկանում իմփիչմենթի գործընթացի միջոցով իրեն թիրախավորել: Ըստ էության, Քոչարյանը չհերքեց՝ նախաձեռնողերի ետևում Սերժ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետականն է»:
«Տվյալ դեպքում ենթատեքստը Հանրապետական կուսակցությունն է, ես ենթադրում եմ... հիմա իրենք ընտրել են այս մարտավարությունը՝ թող շարունակեն», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էդգար Ղազարյանն այսօր էլ խորհրդարանից հեռացավ դժգոհ. իշխանականներից ոչ մեկը չընդունեց նրան«Արտահերթ ընտրություններ հնարավոր են». Ռոբերտ Քոչարյան
Անիրատեսական համարելով իմփիչմենթի գործընթացը, Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ չբացառեց արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես:
«Հնարավորություն ես տեսնում եմ որոշակի»:
«Սրանց ճակատներին պետք է տատու անել «կոռուպցիոն հանճարներ». Քոչարյան
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նաև Փաշինյանի իշխանությանը վերագրվող կոռուպցիոն գործերից խոսեց՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիայի ոլորտում: Մասնավորապես, խոսելով լուծարված ԱՆԻՖ -ի մասին՝ Քոչարյանն ասաց, Փաշինյանին «համարում է կոռուպցիայի Էնշտեյն»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱՆԻՖ-ի գործով առաջիկայում քրեական հետապնդման հնարավորությունները չենք բացառում». գլխավոր դատախազ«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է, даже обидно»
Պնդելով, որ կոռուպցիան Փաշինյանի իշխանության օրոք համատարած է, Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև Համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված 100 միլիոն դոլարի մասին, շեշտելով, թե պարզ չէ՝ ինչի վրա են ծախսվել այդ գումարները: Երկրորդ նախագահն, ում Նիկոլ Փաշինյանն անդադար մեղադրում է երկիրը թալանելու և հարստանալու մեջ, հենց Փաշինյանին մեղադրեց բյուջեի գումարները փոշիացնելու համար:
«Ես հիմնավոր կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամենից հարուստ մարդն է: Ես իրենից մի 10-5-15 անգամ չգիտեմ՝ որտեղ եմ էլի: Նույնիսկ էն որ ասում են՝ даже обидно», - ասաց նա:
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին հորդորել է դիմել բժշկի
Արձագանքելով երկրորդ նախագահի այս մեղադրանքներին՝ Ազգային ժողովի խոսնակը նրան է անվանել թալանչի:
«Դե կարծում եմ՝ ինքը պետք է բժշկի դիմի, եթե այդպիսի հայտարարություններ է անում: Ավելի լավ կլիներ՝ ինքը խոսար՝ էդ 200 միլիոն դոլարը վերջը Ղարաբաղից էին բերել, պապն էր կտակել, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է: Էլ չեմ ասում մնացած ունեցվածքը», - նշեց Ալեն Սիմոնյանը:
«Երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ, և սա պայթեցրեց վիճակը»
Երկրորդ նախագահն այսօր եթեր հեռարձակված հարցազրույցում անդրադարձել է նաև այն հարցին, թե որքանով էր ճիշտ 2018-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանի փոխանցելու Սերժ Սարգսյանի որոշումը:
Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց՝ այժմ ավելի ճիշտ է հետևյալ հարցերին պատասխանել, որոնք էին այդ իրադարձության պատճառները, թրիգերը ո՞րն էր և արդյոք հնարավո՞ր է խուսափել դրանից, թե ոչ:
Քոչարյանի համոզմամբ՝ պատճառը երկրում առաջացած հսկայական լարվածություն էր, ինչի վկայությունն էր «Էլեկտրիկ Երևանը», ապա ՊՊԾ գնդի գրավումը, երբ ըստ Քոչարյանի, անգամ 3 զոհի պարագայում հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ի պաշտպանություն զինված խմբի:
Երկրորդ նախագահը նշում է, որ այդ ժամանակ կար նաև քաղաքական և տնտեսական մոնոպոլիաների չափազանց մեծ հակում, ինչը հանրային մեծ լարվածություն էր ստեղծում:
Ռոբերտ Քոչարյանը հեռահար հարցեր ուղղեց 3 -րդ նախագահին՝ արդյոք ոչ ԱԱԾ -ն և ոչ էլ 150 հազարանոց Հանրապետականը այդ իրավիճակի մասին իրենց ղեկավարին տեղյակ չէի՞ն պահում. - «Թրիգերը եղավ, երբ երրորդ նախագահն ընտրվեց վարչապետ, հիմա հարց է առաջանում՝ ո՞նց եղավ, որ Դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը: Այդ ժամանակ թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չի զբաղեցնելու, այնուամենայնիվ, երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ, և սա պայթեցրեց վիճակը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ավանտյուրա, փորձում են սադրել «Հայաստան» խմբակցությանը». Աղվան Վարդանյանը՝ իմփիչմենթի առաջարկի մասինՌոբերտ Քոչարյանը նաև պատասխանեց այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել իշխանությունը հենց Փաշինյանին փոխանցելուց: Երկրորդ նախագահը վստահ է՝ հնարավոր էր, և այլընտրանքը կրակելը չէր, ինչպես որ հիմա փորձում են արդարանալ Հանրապետականները:
«Իսկ ինչի՞ էիք հանգուցալուծումը տեսնում միայն կրակելու մեջ: Ընդամենը պետք էր իրենց շրջանակներից գտնել պինդ բնավորություն ունեցող մարդ, ընտրել այդ մարդուն և փորձել իրավիճակը հանգստացնել: Ես համոզված եմ, որ եթե սկզբից էլ ընտրվեր Կարեն Կարապետյանը, էս պատմությունը չէր էլ լինի», - նշեց նա:
Ի դեպ, Քոչարյանը փակագծեր բացեց՝ ասելով, որ մինչև Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելը, երբ իրավիճակը լարվում էր, զանգել և խոսել է նրա հետ, հարցրել է՝ իրավիճակը ինչպե՞ս է գնահատում, քանի որ տարբեր տեղերից ասում էին, որ խնդիր կա և «կոնտրոլը կորցնելու են», բայց Սերժ Սարգսյանն ասել է, թե որևէ խնդիր չկա
«Ինքը շատ հանգիստ ասաց՝ ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է, մի քանի օր հետո հրաժարական տվեց: Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել», - ասաց երկրորդ նախագահը:
Չնայած Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնություներին, Ռոբերտ Քոչարյանը չբացառեց՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար հնարավոր է նաև հետընտրական համագործակցությունը «Հանրապետականի» հետ: 2026-ի ընտրություններից մեկ տարի առաջ Քոչարյանը ուղիղ հայտարարեց՝ պատրաստ է ստանձնել երկրի ղեկը:
«Հիմա ես ասում եմ՝ ես էն մարդն եմ, որ կարող եմ էս հարցերը լուծել: Չե՞ք ուզում հարցերը լուծվի, գնացեք ում ուզում ենք, քվեարկեք, ուզում եք հարցերը լուծվի, քվեարկեք»: