Իսրայելը ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավարին մեղադրել է «քաղաքական քարոզչության» մեջ

Իսրայելը քննադատել Է ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերին, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարց է բարձրացրել, թե արդյոք խորհուրդը կձեռնարկի միջոցներ Գազայի հատվածում «ցեղասպանությունը կանխելու» համար։

Ֆլետչերն ասել է, որ Գազայի հատվածում սով է սպասվում, քանի որ Իսրայելը 75 օր առաջ արգելափակել է պաղեստինյան անկլավ մարդասիրական օգնության մատակարարումները:

Ուրբաթ օրը Իսրայելի ՄԱԿ-ում դեսպան Դանի Դանոնը նամակով դիմել է Ֆլետչերին՝ մեղադրելով «քաղաքական քարոզչություն» անելու և «ցեղասպանություն» բառը որպես զենք Իսրայելի դեմ կիրառելու մեջ՝ առանց լիազորության կամ ապացույցների։

Իսրայելի բանակն այս օրերին շարունակում է ռմբակոծել պաղեստինյան անկլավը, որտեղ միայն երեկ առնվազն 100 մարդ է զոհվել։ Իսրայելի բանակը չի մեկնաբանել այս ու վերջին օրերին կտրուկ ակտիվացած ռազմական գործողությունները: