Պուտին-Զելենսկի հանդիպումը հնարավոր կլինի, երբ կողմերը համաձայնության գան. Պեսկով

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հանդիպումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ երկու կողմերը համաձայնության կգան։

«Մենք դա հնարավոր ենք համարում, բայց միայն երկու կողմերի միջև համաձայնագրի տեսքով որոշակի արդյունքների հասնելուց հետո», - ասել է Պուտինի խոսնակը։

Կողմերը երեկ՝ երեք տարվա մեջ առաջին ուղիղ բանակցություններն անցկացրեցին Ստամբուլում, որոնք, սակայն, չհանգեցրին զինադադարի։

«Ռուսաստանը պահում է միայն պատերազմը շարունակելու հնարավորությունը»,- գրել է Ուկրաինայի նախագահը՝ կրկին կոչ անելով դաշնակիցներին խստացնել պատժամիջոցները Մոսկվայի նկատմամբ։

Երեկվա բանակցություններից հետո Ռուսաստանի գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Մոսկվան և Կիևը «կներկայացնեն իրենց տեսլականը հնարավոր ապագա հրադադարի վերաբերյալ», առանց նշելու, թե երբ։

Ուկրաինական պատվիրակության հետ հանդիպմանը ռուսները մի քանի նախապայման են առաջ քաշել, գրել է «Բլումբերգը»՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:

Մասնավորապես, ըստ պարբերականի, Մոսկվան Կիևից պահանջում է, որ Ուկրաինա չեզոք կարգավիճակ պահպանի, երկրի տարածքում չլինի որևէ օտարերկրյա զինված ուժ կամ զանգվածային ոչնչացման զենք, Կիևը հրաժարվի փոխհատուցման պահանջից, բռնակցված Ղրիմն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանի մասնակի օկուպացրած չորս շրջանները ճանաչվեն ռուսական տարածքներ՝ միջազգային մակարդակով: