Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ է Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. ՔՊ-ից հրաժարականի պատճառներից չեն խոսում


Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տալիս աշխատակազմին, 16-ը մայիսի, 2025թ․
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տալիս աշխատակազմին, 16-ը մայիսի, 2025թ․

Վաղարշապատի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի կուսակիցները նրա հրաժարականի պատճառներից չեն խոսում: Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր շատ հակիրճ միայն նշեց՝ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունի:

37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել, պաշտոնը լքելու մասին հայտնեց երեկ երեկոյան՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին:

«Դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը», - նշել է նա։

Այս որոշումից մոտ մեկ շաբաթ առաջ Դիանա Գասպարյանը «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում մասնակցում էր կուսակցության վարչության նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած կարճ տեսանյութում երևում էր, որ համայնքի ղեկավարը ամբիոնի մոտ ելույթ էր ունենում:

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

Թե ինչո՞ւ էր Դիանա Գասպարյանը հրավիրվել վարչության նիստին և ի՞նչ ելույթ էր ունենում հրաժարականից օրեր առաջ, հայտնի չէ: Այդ մասին ոչ մի խոսք չկար նաև կուսակցության հաղորդագրության մեջ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որ վարչության նիստերին մասնակցում է, հրաժարվեց մանրամասնել՝ Դիանա Գասպարյանի հրաժարականը կապ ունի՞ նրան ու ընտանիքին առնչվող կոռուպցիոն պատմությունների հետ:

«Տրամաբանական է Ձեր հարցը, այդ հարցադրումը կա բնության մեջ, ու պետք է այդ հարցադրմանը պատասխանը տրվի: Այդ հարցդրումներին պատասխաններ տրվում են, էլի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլոր կիմանան», - ասաց Հովհաննիսյանը:

Մոտ երեք ամիս առաջ «Ազատությունը» պարզել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար: Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ:

Ավելի վաղ համայնքապետի ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում, սրա վերաբերյալ էլ քրեական գործ կա հարուցված: Ավելի քան մեկ տարի առաջ հարուցված այս գործով, սակայն, Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ, որևէ մեղադրյալ չկա:

Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև։ ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր:

Ըստ «Հետք»-ի՝ սպանվածը մի քանի ամիս առաջ վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ: Դեպքից երկու ամիս անց իրավապահները ենթադրյալ մարդասպանին չեն հայտնաբերել:

Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան

Մինչ ՔՊ-ից նախընտրում են չխոսել իրենց կուսակցի հեռանալու պատճառներից, ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է՝ հենց այս պատմությունների պատճառով է Գասպարյանը լքում պաշտոնը:

«Եվ Նիկոլ Փաշինյանն, այո, ինչքան մոտենան ընտրությունները, և ինչքան ինքը գիտակցում է, որ մարդկանց մեջ արդեն հստակ արձանագրվել է, որ այս իշխանությունները չնայած եկել էին այն լոզունգով, որ պետք է արմատախիլ անեն կոռուպցիան, ոտքով, գլխով կոռուպցիայի մեջ են, ինքը փորձելու է մի քանի դրվագով ուղղակի ձևի համար ցույց տալ, որ իրենք նաև պայքարում են սեփական թիմի կոռուպցիոներների դեմ, բայց մենք տեսնում ենք, որ սա շատ ավելի լայն շրջանակ է, և խիստ ընտրովի է իրականացվում, թե ում պետք է այդ ճիշտ պահին զոհաբերել», - ընդգծեց Գրիգորյանը:

Ընդդիմադիր պատգամավորը միայն մամուլի մի շարք բացահայտումներն է հիշեցնում և շեշտում՝ դրանք թեև առնչվում են «Քաղաքացիական պայմանագրի» առանցքային անդամներին, միևնույնն է այդ հրապարակումներին իրավական գործընթացներ չեն հետևել: Որպես օրինակ Աննա Գրիգորյանը նշում է ԱՆԻՖ-ի և, Քովիդի քրեական գործերը, որոնք առնչվում են ՔՊ-ի առանցքային անդամներ Տիգրան Ավինյանին և Արսեն Թորոսյանին, տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանի թոշակառու մոր 230 հազար դոլար արժողությամբ տան կառուցման փաստը, որով մինչ օրս չկա հարուցված քրեական գործ, բայց քրեական գործ կա հարուցված Սանոսյանի պաշտոնավարման շրջանին առնչվող մեկ այլ աղմկահարույց պատմության վերաբերյալ, որով մեղադրյալն, ըստ մամուլի, Սանոսյանի շրջապատից է:

«Տարածքային կառավարման նախարարը հեռանում է, և դրա իրական պատճառները մենք չենք իմանում, մինչդեռ ուզում եմ հիշեցնել, որ օրինակ՝ Գնել Սանոսյանի նախարարությունում բավականին բարձրաստիճան պաշտոնյայի հոր նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, ով տենդերների ու շինարարական գործընթացների հետ էր փոխկապակցված: Կապ ունե՞ր Գնել Սանոսյանի հրաժարականն ու աշխատանքից հեռացումը նախարարությունում տիրող այդ պրոցեսների հետ, մենք այդպես էլ չիմացանք», - ասաց Գրիգորյանը:

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, առանց կոնկրետ օրինակ նշելու, այսօր պնդեց՝ կոռուպցիայի կամ հովանավորչության վերաբերյալ մամուլի ցանկացած հրապարակում, որը հիմնավոր է, կուսակցության ղեկավար մարմնում քննարկում են: Իսկ նման գործընթացում ներգրավված անձն, ըստ նրա, անկախ քաղաքական պատկանելիությունից, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ:

Դիանա Գասպարյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ: Համացանցում էլ հայտնվել Գասպարյանի և Սուրեն Պապիկյանի զրույցից մի հատված, որտեղ Վաղարշապատի հեռացող քաղաքապետն առաջարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ ՔՊ-ականով:

Դիանա Գասպարյանն անցած ամիս Վաղարշապատի ՔՊ-ի տեղի կառույցի նախագահ էր ընտրվել:




XS
SM
MD
LG