Ստամբուլում մեկնարկում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը

Ստամբուլում մեկնարկում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ այս բանակցություններին կհաջորդեն Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները։

Ավելի վաղ Anadolu-ն X-ում նաև ժամանակացույց էր հրապարակել։

Նշվում է, որ հանդիպումներին մասնակցում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ուկրաինայի պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ռուսաստանի պատվիրակությունը՝ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Մեդինսկին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր բանակցություններ սկսել մայիսի 15-ին, ռուսական պատվիրակությունը նույն օրն առավոտյան ժամանել էր Ստամբուլ։ Ստաբուլում նախատեսված բանակցությունների համար Մոսկվան չորս բանակցողներ և չորս փորձագետներ ներգրավվեց, Պուտինը Թուրքիա չմեկնեց։

Հինգշաբթի երեկոյան ռուսական և ուկրաինական լրատվամիջոցների աղբյուրները հայտնեցին, որ բանակցությունները կմեկնարկեն մայիսի 16-ին։

Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը ժամանել է Անկարա։ Զելենսկին պնդել է, թե Մոսկվան անկեղծ չէ պատերազմը դադարեցնելու ջանքերում, քանի որ այդպես էլ Ստամբուլ չուղարկեց մարդկանց, որոնք «իրականում կարող են որոշումներ կայացնել»։

Ռուբիոն էլ ասել է, որ ուրբաթ օրը մեկնում է Ստամբուլ՝ հանդիպելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ուկրաինական պատվիրակության հետ՝ նշելով, որ մեծ ակնկալիքներ չունի պատերազմի ավարտի հարցով Ստամբուլում կայանալիք բանակցություններից։

ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ հակամարտությունը դադարեցնելու ջանքերում առաջընթացի միակ ճանապարհը ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցություններն են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանն ու Զելենսկին նախօրեին բանակցել են, հանդիպումն ավելի քան երկու ժամ է տևել