Մատչելիության հղումներ

Չեմ բացառում՝ Բաքվի հետ քննարկումները շարունակվեն երկրների ղեկավարների ձևաչափով. ԱԺ նախագահ

Լրացված

Ալբանիայի մայրաքաղաքում անցած շաբաթ տեղի ունեցած Փաշինյան - Ալիև ոչ պաշտոնական շփումից հետո Ազգային ժողովի նախագահն այսօր չբացառեց, որ առաջիկայում երկու երկրների ղեկավարները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները դեմ առ դեմ հանդիպումներ ունենան՝ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակելու համար:

«Դա լավ նորություն է», - ընդգծեց նա:

Ալեն Սիմոնյանը, սակայն, չհստակեցրեց՝ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հաջորդ հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն ունե՞ն, թե՝ ոչ: Կարճ հավելեց՝ ինքը նման տեղեկություն չունի: Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մոտ կես տարվա դադարից հետո առաջին հանդիպումն ունեցան մայիսի 16-ին Տիրանայում, որից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց՝ կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը և կարևորել պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։

Երկու երկրների ղեկավարներին հաջողվե՞լ է արդյոք մոտենալ ստորագրման փուլին, Ազգային ժողովի նախագահը միայն ասաց. - «Պետք է ասեմ, որ քննարկումները շարունակվում են, և կա համաձայնություն քննարկումները շարունակել»:

Երկու ամիս առաջ համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Բաքուն պահանջում է, որ Երևանը փոխի Սահմանադրությունը և լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Եվ մինչ խորհրդարանի խոսնակն այսօր հայտարարում էր, թե Բաքվի հետ քննարկումները փաստաթղթի ստորագրման տեղի և ժամի շուրջ են, Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով օգնականը իրանական լրատվամիջոցի հետ հարցազրույցում վերահաստատել է նախապայմանները. - «Հայաստանը պետք է սահմանադրորեն վերջ տա Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներին, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում կայուն խաղաղության հասնել»:

Հայկական կողմը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարություն: Արդարադատության նախարարությունում նոր Սահմանադրության տեքստ են գրում, թեև պնդում են, թե դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ: Թեև վարչապետն արդեն հայտարարել է՝ իր կարծիքով՝ այդ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրին հղումն է պահանջում հանել Սահմանադրության նախաբանից: Ալեն Սիմոնյանը պնդեց՝ անկախ այս հանգամանքներից բանակցությունները փակուղում չեն:

«Փակուղային չի կարող լինել, առնվազն այդ, այսպես ասած, առաջարկներին Հայաստանն ունի մի քանի տարբեր լուծումների առաջարկներ, որոնք ադրբեջանական կողմին ներկայացվել է, քննարկումները տեղի են ունենում: Էլ չեմ ասում, որ դրանք, մեր ընկալմամբ, որևիցե ձևով չեն կարող և չպետք է խոչընդոտեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որովհետև այն մտավախությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը իրականության մեջ, իրավական դաշտի մեջ գոյություն չունեն», - ասաց Սիմոնյանը:

Խաղաղության հաստատման հարցը նաև Իրանում գտնվող անվտանգության խորհրդի քարտուղարի օրակարգում է: Լեռնային Ղարաբաղում անցկացվող ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունների ֆոնին Թեհրանում Արմեն Գրիգորյանը երեկ հանդիպել է այդ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ինչպես նաև արտգործնախարարին, մինչ այդ էլ մասնակցել «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Անվտանգության խորհրդի քարտուղարը անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմային և պնդել, թե այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ որևէ քննարկում չկա:

Ի դեպ՝ Ադրբեջանի նախագահի օգնականն իրական «Թասնիմ» գործակալության հետ զրույցում թեև դրական է համարել խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, բայց և հավելել է՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում դեռ մնում են բաց հարցեր:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG